Ի՞նչ պիտի անեիր, միգուցե պիտի գտնեի՞ր: Դե իհարկե` ո՛չ: Պիտի փնտրեիր, բայց ի՞նչ, կամ` ո՞ւմ: Գուցե ի՞նձ, ախր ես քո կողքին էի, ինչո՞ւ պիտի ինձ հեռվում փնտրեիր: Չեմ հասկանում: Երևի ուրի՞շ ԻՆՁ էիր փնտրում: Այս ԵՍ-ը, որ կրում եմ, լավը չի, ճիշտ ես, շատ վատն է, հնամաշ, աննկար, հասարակ, դու ուրիշ էիր ուզում: Ուրիշ Ե՞Ս: Որտե՞ղ փնտրեմ այդ ԵՍ-ը: Հազիվ եմ այս մեկը գտել, հիմա նո՞րը փնտրեմ: Գիտեմ` դու ուրիշ էիր ուզում, իսկ միգուցե արդեն գտե՞լ ես. Էլ ուրիշ ԵՍ չփնտրեմ, այս ԵՍ-ը ոմանց պետք է, ոմանք հենց սա են սիրում: Իսկ դո՞ւ: Ինձ պետք էր, որ հենց դու սիրեիր այս ԵՍ-ը: Իմ ԵՍ-ը` քեզ սիրող, անվերջ քո` իմ ԵՍ-ը: Էհ, ի՞նչ է պետք մի հասարակ ԵՍ-ի, որն ունի միայն մեկ երազանք` չունենալ երազանք, այլ ապրել հենց նրա մեջ, ինչպես որ մենք բոլորս` կյանքի մեջ ենք: Ես դա եմ ուզում, բայց այն քեզ մոտ է, տարար քեզ հետ: Չես գալո՞ւ: Փողոցում հաճախ հանդիպող այս հարցն ուղղված է.... ո՞ւմ է ուղղված: Բոլոր նրանց, ովքեր խլել են երազներ (երազանքներ) և հեռվում մաշեցնում են այդ երազանքները` ուրիշի հետ կամ միայնակ: Իսկ մենք` մնացածներս, ի՞նչ ենք անելու, նոր երազա՞նք փնտրենք, թե՞ ստեղծենք: Չէ, ես չեմ կարող, դուք փնտրե՛ք, ուզում եք` ստեղծեք նորը: Ես չեմ կարող: Ճիշտ ես` այս ԵՍ-ը թույլ է, շատ քիչ բան կարող է անել: Բայց տես, որ հենց այդ քիչ բանի մեջ էր մտնում նաև սիրելը, քեզ սիրելը: Ուրիշ ո՞վ է կարող դա անել: Իհարկե` յուրաքանչյուրը: Տեսնո՞ւմ ես` ես էլ եմ յուրաքանչյուրի նման` հասարակ եմ` բոլորի նման, չէ, բոլորի չէ, իմ նման, ինքս ինձ, ավելի ճիշտ` ԵՍ-ս ԻՆՁ է նման: Հասկանո՞ւմ ես` այս ամենը ես չեմ ասում. Լեզուս է ասում, ես խոսել չգիտեմ, նա է ասում: Միտքս միայն քեզ սիրել սովորեց, հիմա էլ պիտի խոսե՞լ սովորի: Չէ, իմ միտքը նման չէ ուրիշների մտքերի` իմը սովորական է, սովորական աստված: Չես գալո՞ւ: Մտքիս ամենօրյա արտահայտությունը` քո մասին: Միտքս սիրել գիտի, բայց ես` ոչ: Դեռ չեմ սովորել: Երեք ես, ահա մի մարդ, որի մի մասը սիրում է քեզ, մյուս մասը` կարոտում, իսկ երրորդը կանչում է քեզ: Ահա մենք` ԵՍ, ԵՍ, ու ԵՍ, երեքս էլ ԵՍ` տարբեր, աննմանական ու սևասեր ես-եր: Նրանց հիմար միությունն է, որ, չգիտեմ` ինչու, ստիպեց սիրել քեզ: Կապրենք կտեսնենք` ինչքան կտևի նրանց միությունը: Բացեմ փակագծերը` սիրում էի քեզ: Բայց ո՞ւր ես հիմա: Ուր էլ լինես, իմ մեղքն է. Քեզ չկապեցի սրտիս, միայն միտքս նվաճեց քեզ: Հոգուս էլ պիտի մեղադրեմ` վախկոտն էլ նա է: Փախավ քեզնից, երբ դու շրջվեցիր դեպի այն: Մնացի մենակ: Չես գալո՞ւ: Հոգնել եմ արդեն կյանքի մասին մտածելով: Դա անիմաստ է` այդ մտածումն իմ մեջ է, քեզ անհաս, բոլորին անհաս, իմ ԵՍ-երին ոչ տեսանելի: Տիրոջս կամքն է` մնալ կյանքի մեջ: Իմ տերն իմ միտքն է, իմ Աստվածը: Դու չես հասկանա, քո Աստվածն ուրիշ է, ոչ սովորական` գունագեղ է, հիասքանչ: Ես սիրեցի հենց այդ Աստծուն` քո աստծուն, այն ինձ էլ էր նման` սիրել գիտեր: Հիմա էլ է սիրում: Իմ Աստծո նման: Սեր չէ դա. Այն սերը չի, որ այսօր փորձում է ներկայացնել նյութապաշտ գիտությունը, կամ որ իրենց սիրահարված համարողների մեծ մասն է մեկնում` «սերն անբացատրելի զգացմունք է»: Չէ, դա այդպես չէ. ով չի կարողանում բացատրել, սիրել չգիտի: Իսկ ես կարող եմ, բայց չեմ անի` ո՞ւմ համար: Քեզ, միայն քո ԵՍ-ին կնկարագրեի սերը, իմ վեհ սերը: Բայց դու չցանկացար տեսնել իմ Աստծուն: Չես գալո՞ւ: Նորից հիշեցի: Դու կանչեցիր ինձ, բայց դա ձևական էր, մարմնական, թեև հոգուդ աչքերը ցույց տվեցին: Բայց ես էլ ունեմ այդ աչքերից, որոնք երբեք չեն խաբում ինձ: Բայց եթե սա առաջին անգա՞մն էր, որ խաբեցին, ու ի՞նչ, դու իրո՞ք կանչել ես ինձ: Էլ չեմ հավատա, սեփական հոգուս աչքերին չեմ հավատա..... Բայց միտքս հաստատորեն վստահ է` չես կանչել, իսկապես չես կանչել: Ուզում էիր կանչել, բայց տեսար ԵՍ-իս փոքրոգիությունն ու ... չկանչեցիր: Փոգրոգի, էլի նյութական չափեր, քեզ նյութականությունն ավելի է գրավում: Հոգիորեն մեծ` ոչինչ է քեզ համար: Նյութական փոքրությունն առավել կգերադասեիր` մեծորեն հոգու համեմատ: Նյութե ամուր սաղավարտը քեզ ավելի գերադասելի է ոգեղեն աչքերից: Այդպիսին ես դու: Բայց ես հենց էտ եմ սիրում: Անճաշակ մեծությունն ավելի բարձր ես գնահատում, քան հոգեպես գեղեցիկ հիացումը: Բարձրահունչ երգն առավել դուրեկան է, բայց ցածրաձայն շշնջոցը, որի մեջ դու կաս, վանում է քեզ: Այս փոքրոգիությունից դու փախար: Ցածրաձայն կանչերն անպատասխան թողեցիր, մնացիր միայնակ, ինքդ քեզ մոտ, քո աստծո հետ, ու փակեցիր բոլոր մանր ուղիները, որոնցով պիտի դեպ քեզ գային երջանկությունն ու սերը, ու քո առաջ բացված մի նոր, մեծ ու լայն ճանապարհն ընտրեցիր, ու քայլեցիր նրանով դեպի կյանքը.... Բայց չհասկացար, որ իմ առաջարկած փոքրիկ դուռը կյանքից էլ բարձր փառք է բերելու: Չես գալո՞ւ...
Комментариев нет:
Отправить комментарий