Հայերս, ունեցե՞լ ենք ազգային գաղափարախոսություն, թե՞ ոչ:
Պատմաբան Արտակ Մովսիսյան.
<<Խնդիրն իսկապես բազմաբովանդակ է: Ազգային գաղափարախոսության ստեղծման կամ վերականգնման հարցերը բավական երկար ժամանակ է, որ քննարկվում են մեզանում: Դեռ 80-ականների վերջերին, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, անընդատ քննարկումների առանցքում այն հարցն էր, թե մենք` հայերս, հնում ունեցե՞լ ենք ազգային գաղափարախոսություն, թե՞ ոչ: Եթե ունեցել ենք բնական է, որ պետք է առաջին հերթին փորձենք վերականգնել, գոնե այն չափով որքանով դա հնարավոր է:
Երբ աչքի ենք անցկացնում հնագույն սկզբնաղբյուրները, հատկապես, հարևան երկրների աղբյուրները, (ինչպես հայտնի է, հայկական նախաքրիստոնեական շրջանի մասին մեզ հիմնականում տեղեկությունն են տալիս հարևան ժողովորդների աղբյուրները), տեսնում ենք, որ կան շատ ծանրակշիռ տեղեկություններ այն մասին, որ հնագույն Հայաստանում մենք ունեցել ենք գաղափարախոսական լուրջ համակարգ; Իհարկե, դրանք ամբողջությամբ չեն պահպանվել, հետևապես չեն պահպանվել հայկական հին` հեթանոսական կրոնի սուրբ գրքերը: Ինչպես հայտնի է, դրանք 301 թվականին ոչնչացվեցին: Իսկ այդ սուրբ գրքերն այնքան լուրջ ու ծանրակշիռ են եղել, որ անգամ տարածված են եղել հարևան ժողովուրդների մոտ: Հենց նրանց աղբյուրներն ուսումնասիրելով էլ մենք տեսնում ենք մի շարք կաևորագույն սկզբունքներ: Կուզենայի այսօր անդրադառնալ դրանցից մի քանիսին:
Առաջինը սրբազան հայրենիքի պաշտամունքի գաղափարն է: Հայրենիքը բոլորի ազգերի համար էլ հայրենիք է, բայց սրբազան հայրենիք ասածը հայերիս ընկալմամբ ոչ թե արևի տակ կենսաապահովման մի տարածք էր, այլ մի տարածք, որը մեծ միստիկական խորհուրդ ուներ: Հետաքրքիր է, որ շումերական, աքքադական, խեթական, հին եբրայական, ու էլի մի շարք այլ աղբյուրներում մենք տեսնում ենք, որ Հայաստանը ներկայանում է որպես սրբազան տարածք, պաշտամունքի առարկա հանդիսացող տարածք: Սա այն տարածքն էր, ուր տեղի էր ունենում արարչագործությունը, այն տարածքը որտեղ, ըստ բազմաթիվ հին ժողովուրդների հավատքի, համաշխարհային ջրհեղեղից հետո դարձել է մարդկության վերածննդի երկիրը, փրկության վայրը: Սա այն տարածքն է, ուր բնակվում էին ընտրյալ մարդիկ, ապրում էր աստվածընտրյալ մի ժողովուրդ: Տարածք, ուր կար անմահության խորհուրդը. Աստվածաշնչում այն կոչվում է կենաց ծառ: Տարածքը, ուր պահվում էր իմաստության խորհուրդը` բարու ու չարի իմաստության ծառ էր կոչվում: Շումերական աղբյուրներում ասվում է, որ հայի աստվածը իմաստության աստվածն է, որի ապարանքում ապրում են 7 իմաստուններ, որոնք աշխարհին իմաստություն են քարոզում:
Այսինքն, մենք ունենք Հայաստան, մի հայրենիք, որը սրբազան է ոչ միայն մեզ` հայերիս համար, այլ ամբողջ տարածաշրջանի հարևան ժողովուրդների համար: Եվ այդ մասին ոչ միայն մենք` հայերս ենք ասում, այլ ասում են մեզ հետ, նույնիսկ, ազգակցական կապ չունեցող ժողովուրդները: Օրինակ, սեմական ծագում ունեցող ժողովուրդները, որոնց համար Հայաստանը ևս սրբազան երկիր է համարվել: Նույն միտքը կա նաև կորեական աղբյուներում: Եվ բնականաբար, այս հանդամանքը մտածելու տեղիք է տալիս: Հրեաները, բնականաբար, մեր Արարատը չեն սիրում ինչպես սիրում են իրենց Սիոն լեռը, բայց ինչո՞ւ չեն ասում, որ Նոյյան Տապանը կանգ առավ Սիոն լեռան վրա, այլ ասում են կանգ առավ Արարատ լեռների վրա: Ուրեմն, կար մի սրբազան գաղափարախոսություն, որը վեր էր կրոններից, ազգային պատկանելությունից ու այդ սրբազան գաղափարախոսության համաձայն Հայաստանն էր այդ առանցքային, սրբազան երկիրը: Սա էր արարչագործության այն երկիրը, որտեղից մարդկությունը նորից վերածնունդ ապրեց: Ամեն մարդ էլ ունի իր Հայրենիքը, բայց հայրենիք լինելուց բացի` ես շեշտում եմ, սրբազան հայրենիքի գաղափարն է կարևորը: Եվ Հայաստանը ոչ միայն հայերիս համար է սրբազան հայրենիք դիտվել, այլև այն ժողովուրդների համար, որոնք չեն բնակվել այս տարածքում: Իմաստության հետ կապված մի մեջբերում կատարեմ, որը վերջին հարյուրամյակում է հայտնի դարձել. Արևելյան օկուտական Ռերիխը, իր աշակերտներով բարձրացավ Հիմալայներ` տեղեկություններ քաղու նպատակով: Դրանք հետագայում հավաքվեցին մի ժողովածույի մեջ, որը հրատարակվել է և կոչվում է «Հնագույն լեգենդներ»: Այդտեղ ներկայացվում է, որ ըստ տիբեթ-հիմալայներում տարածված ուսմունքի, ինչեր են տեղի ունեցել տիեզերաստեղծման շրջանում, դրանցից մեկն էլ սա է. ասվում է, թե երբ երկիր մոլորակը նոր էր արարվում, Օրիոն համաստեղությունից, որը, ինչպես գիտենք, մեր Հայկի համաստեղությունն է, երկիր է ուղարկվում պարգև` իմաստության քարը, որը հանգչում է Արարատի գագաթին: Նկատենք, որ սա ուղղակիորեն կապվում է շումերական աղբյուրների հետ, որոնցում, ինչպես ասացի, ասվում է Հայաստանի, որպես իմաստության երկիր լինելու մասին: Նրանցում ասվում է, որ իմաստությունն ու արվեստը բերվեց Արատտա երկրից, որն է Հայաստանը: Այսինքն, մի հսկայական տարածաշրջանում` Հնդկաստանից մինչև Բալկաններ ու Միջագետք բնակված ժողովուրդները, անկախ իրենց էթնիկական ծագումից ու կրոնական հավատալիքներից Հայաստանը համարել են սրբազան երկիր:
Երկրորդ հիմնադրույթը. Աստվածընտրյալ ժողովուրդ: Այսօր, երբ ասվում է ընտրյալ ժողովուրդ, միանգամից բերում են հրեաների ու ճապոնացիների օրինակը, քանի որ նրանց կրոնների համաձայն, այս ազգերն իրենք ընտրյալ ժողովուրդ են համարվում: Ի՞նչն է մեր դեպքում հետաքրքիր: Ինչպես ասացի, մեր հին` նախաքրիստոնեական սուրբ գրքերը չեն պահպանվել, սակայն հայի ընտրյալ ժողովուրդ հասկացությունը պահպանվել է հարևան ժողովուրդների մոտ: Շումերական սեպագիր աղբյուրներում հայերիս մասին ասվում է, որ Արատտայում բնակվող ժողովուրդը ընտրյալ է, առանձնացված բնության ու զարթոնքի աստծո կողմից: Շումերական դյուցազնավեպում փառաբանվում է Արատտայի ժողովուրդը, որը բարձր է մյուսներից, ասվում է, որ միայն նրանք մնացին ջրհեղեղից հետո, երբ այն սրբեց- տարավ ամեն բան, ինչ կար երկրի վրա: Օտարներն են մեր մասին վկայում, որպես աստվածընտրյալ ժողովուրդ: Այսինքն, աշխարհ գալով, մենք ոչ թե գլխաքանակ ենք ապահովում այս աշխարհի վրա, այլ գալիս ենք որոշակի առաքելությամբ:
Երրորդ. սա անմիջականորեն կապվում է առաքելության գաղափարի հետ: Դարձյալ հին սկզբնաաղբյուրները թերթելով տեսնում ենք, որ այս ընտրյալ ժողովուրդն ունի իրեն հատուկ, աստվածային առաքելությունը: Կան բազմաթիվ պատմական իրադարձություններ, ուր տեսնում ենք, որ մերոնք կատարել են գործեր, որոնք համահունչ են իրենց առաքելությանը: Իսկ առաքելությունը հետևյալն է . երկրի վրա պահպանել աստվածաստեղծ, սրբազան կարգեր, որովհետև մենք հայ աստծո ժողովուրդ ենք, որի մոտ են գտնվում աստվածային սրբազան օրենքները, որոնցով տիեզերքն էին կառավարում: Եվ ոչ պատահականորեն Արատտա երկիրը` հնագույն Հայաստանը, միջագետքյան աղբյուրներում կոչվում է աստվածային սուրբ օրենքների երկիր: Մենք ունենք օրինակներ, որոնցում տեսնում ենք, որ հայերն, իսկապես, հավատարիմ են իրենց առաքելությանը: Որպեսզի խոսքս վերացական չհնչի, բերեմ մի քանի օրինակ: Քրիստոսից առաջ 24-րդ դարում ստեղծվում է մարդկության պատմության մեջ հայտնի առաջին բռնապետությունը` Աքքադական բռնապետությունը: Այն սեմական ծագումով ժողովուրդների բռնապետություն էր: Այն ստեղծեց Սարգոն Աքադացին, որը չարիք դարձավ հարևան ժողովուրդների համար: Իսկ հատկապես նրա թոռը պատմության մեջ մնաց առաջին արքան, որն ավերեց աստվածների տաճարներն ու իրեն հռչակեց աստված: Ծանր իրավիճակ էր ստղծվել, շումերները օգնության համար դիմում են Հայկական լեռնաշախարհին, ուր կար 17 իշխանություններ, որոնք միացյալ մեկ դաշինքով էին ապրում: Եվ հայկական լեռնաշխարհի միացյալ դաշինքի ուժերը գնացին շումերների օգնության: Կործանվեց ինքնահռչակը: Միջագետքի ժողովուրդը փրկվեց բռանապետից: Հետաքրքիրն այն է, որ հայերը կործանելով այդ բռնապետությունը, չստեղծեցին մի նոր բռնապետություն: Հակառակը, հայերի իշխանության ժամանակ` Ք. Ա. 23-22 դարերին, 100 տարիների ընթացքում Միջագետքը վերծնունդ ապրեց: Որպեսզի պարզ լինի, թե հայերի իշխանության տարիներին Միջագետքում որքան արվեստի գործեր են ստեղծվել բերեմ մեկ օրինակ. եթե այցելեք Լուվրի թանգարան մի ամբողջ սրահ կտեսնեք, ուր տեղադրված են Միջագետքի վերածնունդի շրջանի նշանավոր գործիչներից մեկի` Գուդեայի արձանները, սա խոսում է այն մասին, որ հայերի իշխանությունը միայն նպաստել է Միջագետքում արվեստի նման մեծ ժառանգության ստեղծմանը:
Երբ ստեղծվեց Համուրաբիի Բաբելոնյան բռնակալությունը, նրան կործանողների մեջ կրկին հիշատակվում են հայկական լեռնաշխարհի զորքերը: Այս երևույթը դարձել էր խորհրդանշական:
Հետաքրքիր է, որ երբ մի շարք ուսումնասիրողներ համեմատում են Ուրատուն ու Ասորեստանը, նշում են, որ Ասորեստանում ևս ստեղծվեցին մեծ արժեքներ, բայց այս երկրում մարդու նկատմամբ հարգանք չստեղծվեց: Ավելին, Ասորեստանի արքաները հպարտանում էին իրենց գործած վանդալիզմով, թե քանի գերեվարվածների են մաշկազերծ արել, քանիսի գանգերով բուրգեր կառուցել և այլն: Մինչդեռ մերոնք երբեք գերիների նկատմամբ նման կերպ չեն վարվել: Սկզբնաաղբյուրներում չեք գտնի գեթ մեկ փաստ, ուր կխոսվի հայերի կողմից իրականացված վանդալիզմի մասին:
Հին Կտակարանում Երեմիա մարգարեի գործում կարդում ենք, որ Բաբելոնը նորից հզորացել ու նվաճված ժողովուրդների գլխին դարձել էր չարիք: Եվ ահա,Երեմիա մարգարեն օգնության խնդրանքով դիմում է Արարատի Մինի և Ասքանազի թագավորություններին, հյուսիսի մեծ ու հզոր ազգին` Արարատի թագավորությանը: Այսինքն, Ք.Ա. 24-23 դարերից սկսած, մինչև Ք.Ա. 6-րդ դարը, մի հսկա ժամանակահատված, մենք` հայերս, այս ամբողջ տարածաշրջանում պահպանել ենք աստվածային կարգը: Եվ այն բռնակալները, որոնք գահ էին բարձրանում և փորձում իրենց կարգը հաստատել, հայերը դուրս էին գալիս նրանց դեմ` վերահաստատելով աստվածային կարգերը:
Կրկնում եմ, սրանք փաստեր են վկայված օտար աղբյուներից:
Չորրորդ. ուզում եմ խոսել Աստված, Պետություն և Ժողովուրդ հարաբերակցության մասին: Սա շատ կաևոր է: Հնագույն Հայաստանում ամեն մի շարքային քաղաքացի գիտակցում էր, որ աստվածները վերացական մի բան չեն երկնքում, և ոչ էլ թագավորներն ու իշխանները երկրի վրա իրենց իշխանությունը վայելողներ: Բանն այն է, որ Աստված, Պետություն և Ժողովուրդ կապը շատ հստակ է գիտակցվել:
Մի քանի տեղեկություններ կան, որոնց համաձայն հավատն այսպիսին է եղել. երբ քո երկիրը պատերազմում է թշնամու դեմ, նախ աստվածներն են հաղթանակ տանում, և հետո միայն արքան առաջնորդում է, որ բանակը այդ սուրբ հաղթանակը տուն բերի Օրինակ.Վանի թագավորության Արարատ-Ուրարտուի ժամանակաշրջանից մեզ են հասել հարյուրավոր սեպագիր արձանագրություններ, որոնք ներկայացնում են մեր ռազմական արշավանքները: Դրանցում կան հետաքրքիր ձևակերպումներ. Օրինակ, սեպագիր արձանագրությունը սկսվում է այսպես. Խալդին արշավեց ու իրեն ենթարկեց մի քանի երկրները, թվարկվում է այդ երկրների անունները: Հետո ասվում է, որ Խալդյան զորությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, արշավեց գրավեց` դարձյալ թվարկվում են նույն երկրները:
Երկար ժամանակ ուսումնասիրողները չէին հասկանում, ինչի համար է երկու դեպքում էլ կրկնվում նույն երկրներ անունները: Հետո պարզ դարձավ. Նրացում ընդգծվում է աստվածային հաղթանակի զորությունը. Վանի թագավորության արձանագրություններում հենց այս իմաստն է արտահայտված, որ նախ Խալդի Աստվածը արշավեց ու այդ երկրներն իրեն ենթարկեց, հետո խալդյան զորությամբ այդ երկրների վրա արշավեց թագավորը, առաջնորդելով բանակին, այդ երկրներն իրեն ենթարկեց ու բերեց Աստծո հաղթանակը: Աստծո հաղթանակը սրբագույն էր: Սա շատ կարևոր է, որ ամեն մի քաղաքացի ինքն իրեն Աստծո հետ անմիջական կապի մեջ էր պատկերացնում:
Հինգերորդ. Բացի այն, որ կար Աստված- Պետություն- Ժողովուրդ կապը, հին Հայաստանում կար Աստվածների և անհատի կապը: Այսինքն, ոչ միայն Պետություն ու Աստվածներն են եղել միասնություն, այլև հնագույն Հայաստանում կար անհատականության գաղափարը` Աստված ու անհատը: Մենք ունենք շատ կարևոր տեղեկություններ, որոնք պահպանվել են Վանի թագավորության շրջանից: Օրինակ. մեզ հասել են սեպագիր նամակներ` կավե սալիկների վրա արված, ձեռքի ափի չափով, ուր գրված են ողջույնի, մաղթանքի խոսքեր, դրանցում ասում է` «Թող հաճելի լինի քո կյանքը` քո Աստծուն»: Այսինքն, ամեն մարդ ծնվում ու երկիր է գալիս որոշակի առաքելությամբ ու պարտականությամբ: Այդ առաքելությունը երկնքի ու երկրի, հայրենիքի ու հայրենի ժողովրդի հետ մի ամբողջություն է կազմում:
Վեցերորդ. հայոց դիցարանում չկան չար աստվածներ. Սա բացառիկ կարևոր երևույթ է: Օրինակ, մեր հարևան զրահադաշտ պարսիկների մոտ նրանց գերագույն Աստծոն կա հավասարազոր չար աստված: Մինչդեռ հայերի նախաքրիստոնեական հավատքում Արամազդին հավասարազոր մեկը չի եղել: Նա գերագույն Աստված է, արարիչը երկնքի ու երկրի: Հայերիս մոտ ոչ միայն չարի գերագույն աստված չկա, այլ ընդհանրապես, չար աստվածություն չկա: Օրինակ, Տորք Անգեղը անդրաշխարհն էր խորհրդանշում, բայց նա իր մեջ չարություն չի ունեցել: Հիշենք, թե ինչ էր անում. ժայռերը պոկում էր ու թշնամու նավերի վրա շպրտում, խորտակելով դրանք: Այսինքն, անգամ անդրաշխարհի Աստվածը հայրենապաշտ էր: Տորքը նաև ժայռերի վրա արծիվներ էր նկարում: փաստորեն, անդրաշխարհը խորհրդանշող աստվածը նաև սեր է ունեցել արվեստի նկատմամբ:
Կարծում եմ, որ այս ամենը հարկ է ներդնել մեր կրթական համակարգի մեջ, որպեսզի ամեն մի հայ երեխա դեռ մանկուց իր գիտակցության, իր մտածողության մեջ կրի այս ազգային գաղափարները, դրանք դառնան միս ու արյուն և առաջնորդեն հայ մարդուն իր ողջ կյանքում>>:
Աղբյուրը` Louysworld.com- ArmAr.am
Miangamayn hamdzaynem
ОтветитьУдалить