12 июля 2011 г.

Անին հայկական ճարտարապետության խոշորագույն կենտրոն


Յուրահատուկ, թե± կրկնվող: Արդյո±ք Անիի ճարտարապետության վրա ազդեցություն ունեն սելջուկյան և Շադդադյան տիրապետությունները

     Հայկական ճարտարապետության պատմության ականավոր մասնագետ Թորոս Թորամանյանը միջնադարյան այս վեհաշուք քաղաքի ճարտարապետության պատմությունը բաժանում է երեք պատմաշրջանի`առաջինի  մեջ ընդգրկելով Կամսարականների իշխանության ժամանակները: Այդ շրջանից որոշ փոփոխություններից հետո պահպանվել են պահպանվել են պալատական եկեղեցին, պաշտպանական պատերի մնացորդներ, պալատական կառույցների հիմքերի մասեր, որոնց հիման վրա և գաղափար ենք կազմում Կամսարականների ժամանակների Անիի ճարտարապետության վերաբերյալ: Ճարտարապետական այդ պատմաշրջանի վերջին և հաջորդ ժամանակաշրջանի առաջին, այսպես ասած, «սահմանային» հուշարձանը համարել է Ապուղամրենց ս.Գրիգոր եկեղեցին, որը Թ.Թորամանյանի արտահայտությամբ, «կկրի իր վրա հին արվեստի վերջին շառավիղները և նոր շրջանի արշալույսի ցոլքերը»: Դրան հաջորդում է մայրաքաղաքի ճարտարապետության զարգացման երկրորդ` բուռն շրջանը, որը ժամանակագրական տեսակետից ընդգրկում է 10-րդ դ. երկրորդ կեսից մինչև 1064թ., երբ Անին գրավեց և ավերեց սելջուկյան սուլթան Ալփ-Արսլանը: Թորամանյանի բնութագրմամբ` այս նոր ժամանակաշրջանի հուշարձանների վրայից սկսեցին վերանալ «նախկին լուրջ ու ծանր երևույթները» և նոր կառուցվող շենքերը, որոնց հատուկ էր «մի գողտրիկ վայելչություն»,  պճնում էին «բարակ որմնասյուներ»-ն ու զարդաքանդակ կամարները, ներդաշնակ ուղիղ գծերով «բազմահյուս մանածոները»: Թ. Թորամանյանը նշում է, որ կարճատև լինելու պատճառով այս շրջանը «դեռ չտված յուր վերջին կատարելագործության պտուղները»` 11-րդ դ. կեսերին ենթարկվեց «վաղահաս ճակատագրական անկման», սելջուկյան տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում չտալով ուշադրության արժանի որևէ շինվածք կամ հուշարձան, բացի եղածների այլանդակումից:Անիի ճարտարապետության մի նոր, բուռն զարգացման ժամանակաշրջան էր Զաքարյանների իշխանության շրջանը, երբ քաղաքում մեկը մյուսի հետևից կառուցվեցին բազմաթիվ շքեղ տաճարներ, իշխանական ապարանքներ, բնակելի տների համալիրներ, հյուրատներ, իջևաններ և այլն, որոնք իրենց վրա կրում էին վերածննդի դարաշրջանի բնորոշ գծերը:
  Սկզբնական շրջանում ուսումնասիրողներից  շատերը, գրեթե առանց քննադատության, ընդունում էին Ն.Մառի սխալ տեսակետը («...Հայոց թագավորների դարաշրջանում Անիի շինությունները սոսկ կրկնություն էին Հին Հայաստանի տարբեր շրջաններում մշակված ճարտարապետական ոճերի: Բագրատունի թագավորները... աշխատում էին զարդարել իրենց մայրաքաղաքը... վերարտադրելով... արդեն գոյություն ունեցող օրինակները` ընդօրինակելով հայրենի արվեստի նշանավոր հին հուշարձանները»)   և 10-11-րդ դդ. Անիի ճարտարապետությունը համարում նախորդ ժամանակների հուշարձանների կրկնություն: Ընդ որում բոլորը` սկսած  Ն.Մառից և Չուբինով-Չուբինաշվիլու, այդ սխալ տեսակետը «հիմնավորելու համար վկայակոչում են հիմնականում Բագրատունիների շրջանում կերտված միայն 2 հուշարձաններ` Առաքելոց եկեղեցին, որը համարել են Էջմիածնի ընդօրինակությունը և վերարտադրությունը, և Գագկաշենը` կառուցված Զվարթնոցի օրինակով: Սակայն չէ± որ Անիի 10-11-րդ դդ. հուշարձանները չէին սահմանափակվում միայն երկու եկեղեցիներով: Իսկ ի±նչ կասեին մասնագետները մեծահռչակ Մայր տաճարի, ոսկերչական կերտվածք ունեցող Հովվի եկեղեցու, մյուս տասնյակ եկեղեցիների, արքունական պալատի, պաշտպանական պարիսպների, ժայռափոր կերտվածքների, մոնումենտալ կամուրջների, իշխանական ապարանքների  և այլնի մասին, որ մի ամբողջական, ճարտարապետական առումով «տիեզերահռչակ» մայրաքաղաք էին կազմում:
         Ոչ ոք չի ժխտել, որ Բագրատունիները թագավորության ժամանակներում, մանավանդ սկզբնական շրջանում, Անիի քաղաքաշինության (հատկապես եկեղեցաշինության) մեջ օգտագործվել է անցյալի փորձը և նախաարաբական շրջանի ազգային դասական ճարտարապետության հուշարձաններն ու ճարտարապետական տարրերը, սակայն այդ բոլորը հանգեցնել մեխանիկական կրկնության և ընդհանրապես ժխտել հայկական ճարտարապետական  արվեստի (տվյալ դեպքում մասնավորապես Անիի ճարտարապետության) մի նոր, բեղմնավոր ու նորույթներով լի շրջանի (ինչպիսին էին 10-11-րդ դդ.) գոյությունը, պարզապես խիստ կողմնակալ է կամ թյուրիմացության արդյունք: Ընդ որում, Թ.Թորամանյանը նշումէ , որ Բագրատունյաց շրջանի հայ ճարտարապետության «վերածնունդը» անցել է «երկու տեսակ այլազանությունների», «իրարմե թեև ոչ օտար, այնուամենայնիվ, որոշ չափով տարբեր, ինչպես մեկ ծնողի երկու հարազատ զավակները: 9-րդ դարեն մինչև 10-րդ դարու կեսի վերածնությունը կազմված է 5-րդ և 7-րդ դարու հայ ճարտարապետության ավանդական գծերով, իսկ 10-ի կեսեն մինչև 11-րդ դարի վերջերը երևացող այլազանությունը իր անմիջապես նախորդին վրա զդեցված է մի տարազ, որն իր մանրամսնության մեջ ավելի հեռավոր ասորա-քաղդեական ավանդություններու հետ կարելի է կապել, քան մոտակա ժամանակի ոճերու հետ»: Ականավոր մասնագետի մտքերը շարադրված են այնքան պարզ ու հստակ, որ որևէ ծանոթագրության կարիք չունեն:
         Պետք է նաև նշել, որ Ն. Մառը, ժխտելով 10-11-րդ դդ. հայ ճարտարապետության ձեռքբերումները, դրա հետ միասին սելջուկյան և Շադդադյանների տիրապետության ժամանակները համարել է ճարտարապետական մշակույթի առաջընթացի շրջան և առաջ քաշել այն անընդունելի ու բացահայտ ոչ գիտական թեզը, թե իբրև այդ շրջանի հայկական ճարտարապետությունն իր վրա կրում էր սելջուկյան-մուսուլմանական ճարտարապետության կնիքը: Ահա թե ինչ է գրում այս մասին Թ.Թորամանյանը.
    «Շետտատյաններու շրջանին մեջ ճարտարապետույան և գեղարվեստներու զարգացման տեսակետով առանձնապես աչքի ընկնող ոչինչ չեմ գտներ, ընդհակառակը, ողբերգակ բանաստեղծ լիներ հարկ է` հունաց տիրապետութենեն և Արփասլանի կոտորածեն սկսած` մինչև մեծն Զաքարեի տիրապետության փրկարար շրջանը բովանդակ Շիրակի սուգն ու շիվանը ողբալու համար: Ես այստեղ Շետտատյաններու անունով առավելն արձանագրել կարող եմ քանի մը արվեստագիտական այլանդակություններ և պատմական վշտառիթ անցքեր...»:
     Անհրաժեշտ է ավելացնել, որ Շադդադյանները, եթե ձգտում էլ ունենային, միևնույն է, չէին կարող Անիում էական հուշարձաններ ստեղծել. նրանց տիրապետության կողոպտիչ բնույթը և քաղաքի վրա կատարվող հաճախակի հարձակումները դրա հնարավորությունն իսպառ բացառում էին: Նախորդ ժամանակաշրջանում կառուցված շենքի վերափոխումը մզկիթի (որ կոչվեց Մանուչեի անունով), մի այլ մզկիթի կառուցումը և Ալփ-Արսլանի 1064թ. ավերածություններից հետո պաշտպանական պարսպի որոշ վերանորոգումներն ու մի նոր բերդի կառուցումը (որոնց մասին անուղղակի հիշատակություն ունի Վարդան Վարդապետը) վկայակոչելով` Շադդադյանների տիրապետության ժամանակները ճարտարապետական (և ընդհանրապես մշակույթի) առումով համարել առաջադիմական շրջան, ինչպես Ն.Մառն է համարել, ոչ միայն անհամոզիչ է, այլև զուրկ է հիմքից: Ճարտարապետական առումով նորույթներ չբերող մանր-մունր վերանորոգումները, վերափոխությունները և մեկ մզկիթի ու մեկ բուրգի կառուցումը ոչ մի նշանակություն չեն ունեցել հսկա քաղաքի համար և ոչնչով չեն հարստացրել նրա ճարտարապետական մշակույթը: 







Աղբյուրը` Թ.Հակոբյան,Անիի պատմություն,Ե.,1980, էջ 224-230, 
(կրճատումները և ուսումնասիրումը`ըստ Վահրամ Արգելցու):

Комментариев нет:

Отправить комментарий