7 июня 2011 г.

Եղիշե Չարենց

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
 Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:
1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր:
Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ պատասխանը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):
1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:
1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որը թուրքերն օգտագործում են Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջումով լուծելու համար: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների:
 Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:
1916թ. կեսերին Չարենցը հեռանում է բանակից և գնում Թիֆլիս, այնտեղից` Կարս, հետո` Կարինե Քոթանջյանի հորդորով` Մոսկվա, որտեղ գրական կյանքը բուռն վերելք էր ապրում: Ճանապարհածախսը հոգում է Աբգար աղան:
1918թ. հունիս-հուլիսին Չարենցը Կարմիր բանակի շարքերում Ցարիցինի մատույցներում մասնակցում է քաղաքացիական կռիվներին: Իսկ մինչ այդ, թուրքական հարձակումից Կարսից փախչում է Աբգար աղայի ընտանիքը և հաստատվում Մայկոպում:
Պարտվելով համաշխարհային պատերազմում` թուրքական բանակը սկսում է նահանջել: Դա հույսի և ոգևորության նոր ուժ է հաղորդում աշխարհասփյուռ հայությանը, որոնք սկսում են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Այպես 1919թ. վերակենդանանում է նաև Կարսը: Համընդհանուր այս ոգևորությանը անմասն չի մնում նաև Չարենցը, որն իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ գնում է ծննդավայրը` ուսուցչությամբ զբաղվելու:
Չնայած պատերազմի ավերածություններին` 1919թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կարսի շրջանում բացվում է 75 դպրոց, որոնց կեսը հայկական էր: Կային նաև ռուսական, հունական, քրդական, թուրքական դպրոցներ:
Չարենցն ու Աբովը դասավանդում էին Բաշքյադիքլարի դպրոցում: Այստեղ է, որ երիտասարդ ուսուցիչները ստիպված ձեռք են բերում պարսկական անձնագրեր, քանի որ զորակոչային տարիքի մարդկանց (մինչև 25 տարեկան) չէր թույլատրվում ուսուչցությամբ զբաղվել: Բաշքյադիքլարը Կարս—Ալեքսանդրապոլ երկաթգծի փոքրիկ կայարաններից մեկն էր: Այնտեղի դպրոցն ուներ երեք դասարան` 152 աշակերտով: Թուրքական ավերածությունները, սովը, երկրի քայքայված տնտեսությունը ծայրահեղ ծանր դրություն էին ստեղծել Կարսի շրջանում: Գյուղը աղքատ էր, դպրոցի շենքը` կիսավեր, պատուհանները ծածկված էին թիթեղներով, դասարանը միաժամանակ ուսուցիչների ննջարանն էր: Դպրոցի վիճակը ամենալավը նկարագրել են հենց երիտասարդ ուսուցիչները. «Քարեր շարեցինք մեր սենյակների հողե հատակին որպես նստարաններ, իսկ դասասեղաններին փոխարինում էին երեխաների ծնկները, գրատախտակի տեղ պատին փակցրեցին թիթեղյա թերթ, կավիճի փոխարեն գտանք ածուխ, բաժանեցինք մեր շալակով բերած տետրակներն ու մատիտները և անցանք պարապմունքների: Ընդամենը մի այբբենարան ունեինք, որ մի աշակերտի ձեռքից առնում մյուսին էինք տալիս` կարդալու համար, ամեն մի գրքի նայում էին իրար գլխի հավաքված մի խումբ աշակերտները: Նրանց թիվը շատ էր: Հաճախում էին 8-15 տարեկան հասակի բոլոր երեխաները, բոլորն էլ անգրագետ և համարյա բոլորն էլ ցնցոտիապատ և բոկոտն»:
1920թ. սեպտեմբերին, թուրքական արշավանքի հետևանքով փակվում է Բաշքյակիքլարի դպրոցը:
Հարկ ենք համարում նշել, որ հայ գրողներից ու բանասերներից առաջինը Գարեգին Լևոնյանն է (աշուղ Ջիվանու որդին), որ 1916թ. «Դանթեական առասպել» պոեմի հրատարակությունից հետո, «Մշակ» թերթում անդրադարձել է Չարենցին. «Նոր մարդ է Եղիշե Չարենցը, անծանոթ մեր գրական միջավայրում: ...Ով էլ, որ լինի նա, երևում է երիտասարդ է, եղել է կամավոր, ռազմի դաշտ գնացել «որպես հարսանիք», բայց այնտեղ զարհուրելի բան տեսնելուց և կռվի մեջ երեք մտերիմ ընկերներին կորցնելուց հետո ընդհանուր նահանջի ժամանակ վերադարձել է իր քաղաքը: Ահա իր այդ տպավորություններն է, որ սկսնակ գրողը հյուսել է գաղափարական արվեստով և կազմել «Դանթեական առասպել»: ...Եղիշե Չարենցը ընդունակ է իր նյութը հետաքրքրական դարձնելու, սահուն և պատկերավոր ոճ ունի և գաղափարական արվեստին տեղյակ է կանոնավորապես»:
1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որը նշանավոր գրողներին ու գրականության զարգացման հեռանկարներին նվիրված երեկոներ էր կազմակերպում, որոնցից մեկի ժամանակ Ն. Աղբալյանը հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը: Դեռ 1917թ. Աղբալյանը ծանոթացել էր Չարենցի բանաստեղծություններին ու «Դանթեական առասպել» պոեմին և նկատել երիտասարդ բանաստեղծի տաղանդը:
1919թ. դեկտեմբերին Չարենցը թողնում է Բաշքյադիկլարի դպրոցը, գալիս Երևան և 1920թ. հունվարից` Աղբալյանի հրավերով աշխատանքի է անցնում Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար: Սակայն մի քանի ամիս անց նա ազատվում է աշխատանքից և սկսում է դասավանդել հիվանդ երեխաների ամերիկյան որբանոցի դպրոցում:
Հայաստանի խորհրդայնացումից հետո (1920թ. դեկտեմբերի 2) Չարենցը նշանակվում է Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այստեղ Չարենցը լայն գործունեություն է ծավալում հայ գրողներին և մշակույթի գործիչներին Խորհրդային Հայաստան հրավիրելու գործում` գտնելով, որ միայն մայր հայրենիքում նրանք կարող են ստեղծագործել և օգնել իրենց ժողովրդին: 1921թ. փետրվար-ապրիլ ամիսներին Չարենցը Կարմիր բանակի շարքերում մասնակցում է մարտական գործողություններին:
1921թ. մայիսին Չարենցն ամուսնանում է Արփիկի` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, և հունիսին նորապսակները մեկնում են Մոսկվա` սովորելու Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում:
1922թ. փետրվարին, Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական օժանդակությամբ Մոսկվայում լույս է տեսնում Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին, իսկ մայիսին` երկրորդ հատորը: Դրանք ամփոփում էին երիտասարդ բանաստեղծի շուրջ տասնամյա գրական ժառանգությունը:
1924թ. նոյեմբերին Չարենցը մեկնում է ճանապարհորդության: Այցելում է Թուրքիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան: Նա ցանկանում էր լինել նաև Ամերիկայում, սակայն նրան մուտքի թույլտվություն չեն տալիս:
1925թ. հուլիսին Չարենցը վերադառնում է Երևան և աշխատանքի է անցնում «Խորհրդային Հայաստան» թերթում, այնուհետև` «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և թեթևակի վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում): 1927թ. հունվարին մահանում է Չարենցի կինը` Արփենիկը: Հաշվի առնելով ծանր վիշտը և հոգեկան ապրումները` Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից, և նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:
1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր:
Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը: «Ամեն մի գրքի շուրջը նա երկար զրույց էր ունենուն նկարչի հետ, նրան ոճային ուղղություն էր տալիս, որպեսզի գիրքը զգեստավորեր իր բովանդակության համաձայն»,— հիշում էր Հակոբ Կոջոյանը:
Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:
Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշներիստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:
1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:
1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն...
Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:
Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:

Комментариев нет:

Отправить комментарий