Շահան Նաթալի (Հակոբ Տեր-Հակոբյան)՝ հասարակական-քաղաքական մեծ գործիչ, գրող, ծնվել է 1884-ին Խարբերդի նահանգի Հյուսեյնիկ գյուղում: Մեկ տարի Խարբերդի հռչակավոր Եփրատ քոլեջը հաճախելուց հետո 1897-1900-ին սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն էր ականավոր մանկավարժ և իմաստասեր Շահան Պերպերյանը (որպես հարգանքի նշան՝ ընտրում է իր ուսուցչի անունը՝ Շահան: Ըստ հավաստի աղբյուրների, Շահանը հեռակա սիրահարված է եղել սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության թագուհի Նաթալիին, որի անունն էլ ընտրել է որպես իր կեղծանվան ազգանուն: 1901-ին վերադարձել է ծննդավայր, զբաղվել՝ մանկավարժությամբ, միաժամանակ ուսումասիրել է Խարբերդի բարբառը: 1904-ին Խարբերդում մտել է ՀՅԴ շարքերը, որտեղ քառորդ դար հայրենասիրական մեծ գործունեություն է ծավալել: Նույն թվականին էլ մեկնել է ԱՄՆ: 1909-12թթ. սովորել է Բոստոնի համալսարանում՝ հետևելով գրականության և փիլիսոփայության դասընթացների: Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատրերգություններ, ՙՇանթ՚ և ՙՓյունիկ՚ գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ ՙՀայրենիք՚ օրաթերթը:
Մեծ եղեռնի լուրն առնելով՝ բոլոր պանդուխտների նման, Շահան Նաթալին հուզմունքի ու զայրույթի մղձավանջային պահեր է ապրել և հաստատել է իր վրեժխնդիր լինելու ուխտը. անպատիժ չթողնել ցեղասպաններին, եթե երբևէ աշխարհը չցանկանա նրանց պատժել: Նա դարձավ Հայոց ցեղասպանության գլխավոր հանցավոր-ոճրագործներին պատժող ՙՀատուկ հանձնաժողովի՚ անդամ, ՙՆեմեսիսի՚ կազմակերպիչ:
Թուրք դահիճները ազատ ու համարձակ շրջում էին Բեռլինի, Հռոմի, Բաքվի, Թիֆլիսի և այլ քաղաքների փողոցներում: Շահան Նաթալիի համար գլխավոր թիրախը մեծագույն հայակեր Թալեաթն էր, որին Նաթալին իր անգլերենով ակնարկում էր ՙնամբըր ուան՚՝ ՙթիվ առաջին՚: Այս գազանի զգետման առաքելությունը վստահվեց Սողոմոն Թեհլերյանին:
Շահան Նաթալին 1927-ին հունվարին հրաժարվել է ՀՅԴ բյուրոյի անդամությունից, երբ ընթացք չի տրվել հակաթուրքական ահաբեկումները շարունակելու իր առաջարկին: Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայում, Փարիզում հիմնել ՙԱրևմտահայ ազատագրական ուխտ՚ կազմակերպությունը, խմբագրել ՙԱզատամարտ՚ անկախ շաբաթաթերթը: Ապա վերադարձել է Բոստոն, ուր ապրել է մինչև մահ՝ 1983 թվականը:
1973-ին Գուրգեն Յանիկյանի արձակած փամփուշտներով վերածնված Հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարը հուզեց 90-ամյա Շահան Նաթալիի հոգին. նա Յանիկյանի և անձնազոհ հայ երիտասարդների մեջ տեսավ իր գործը շարունակողներին: Նեմեսիսը հարություն էր առել: Նորագույն շարժման առիթով նա իր գոհունակությունն ու հպարտությունը հայտնեց Նորագույն զինյալ ազատագրական շարժման անվեհեր մարտիկներին…:
Շ. Նաթալին գրել է մի շարք պատմագիտական երկեր՝ ՙԹուրքիզմը Անգորայէն Բագու Եւ Թրքական Օրիէնթասիոն՚ (Աթէնք, 1928), ՙԱլեքսանդրապոլի Դաշնագրէն 1930-ի Կովկասեան Ապստամբութիւնները՚ (հ. 1-2, 1934-35), ՙԹուրքերը Եւ Մենք՚ (Աթէնք, 1928), ՙՎերստին Յաւելուած՚- ՙԱլեքսանդրապոլի Դաշնագրի ՙԻնչպէ՞ս՚-ն ու ՙԻնչո՞ւ՚-ն՚ (Պոսթոն, 1955), ՙԵրեք Դաշնագրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկուայի, Կարսի), Բաղդատական Զուգակշիռ՚ (Բեյրութ, 1957) և այլն, որոնցում փորձել է հայ ժողովրդի նորագույն պատմության տվյալների հիման վրա հիմնավորել իր քաղաքական հայացքները, համաձայն որոնց՝ հնարավոր չէ թուրքերի հետ համաձայնության հանգել և, առավել ևս, նրանց հետ դաշնակցել:
Комментариев нет:
Отправить комментарий